Հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների՝ 1.3 միլիարդ դրամի չափով. Վարուժան Ավետիքյան |aysor.am|

aysor.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։ Կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամներից։ Այս ընթացքում մենք կարողացել ենք հավաքագրել ավելի քան 18 միլիարդ դրամ», – ասաց նա։

Բանախոսը նկատեց, որ հիմնադրամն ունի հատուցումների երկու հիմնական խումբ՝ զոհվածների ընտանիքներ և մարտական ծառայության ժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ։

«Երբ օրենքն ընդունվեց, նշվեց, որ հիմնադրամը պետք է հատուցի 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ հավաքագրված գումարներով հնարավորություն ունենք փոխհատուցելու 2015 և 2016 թվականներին գրանցված դեպքերի համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նման որոշում կայացրեց։

Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ կարևոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել նաև 2008-2014 թվականներին գրանցված դեպքերի մասով», – ասաց Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակն է չունենալ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող, որը հատուցում ստացած չի լինի։

Ամփոփելով խոսքը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ հատուցումները կատարվում են 52-82 միլիոն դրամի սահմաններում։

«Սա, իհարկե, առաջին կարգի հաշմանդամության և զոհված զինծառայողների դեպքում։ 52 միլիոն դրամով հատուցվում են շարքայինները, 72 միլիոնով՝ ենթասպաները և 82 միլիոնով՝ սպայական կազմը։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 միլիոն դրամ՝ կրկին ըստ զինվորական աստիճանի։ Գումարը միանվագ չենք տալիս։

10 միլիոն միանվագ վճարում ենք առաջին կարգի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին, դրանից հետո՝ ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ։ Իսկ 2-րդ կարգի հաշմանդամներին՝ միանվագ 5 միլիոն դրամ և ամսական՝ 100-200 հազար դրամ՝ 20 տարի շարունակ», – եզրափակեց խոսքը հիմնադրամի տնօրենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.