armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Այն սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:
«Նախագծով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը:
Հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը:
Սահմանվում է նաև, որ ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու աշխատակիցները նույնպես կօգտվեն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից»,- ասաց Ապիտոնյանը: