armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան ընդգծեցին երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացման փաստը:
Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր ունեն միջխորհրդարանական խմբերը:
«Ես վստահ եմ, որ ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին: Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ ելնելով մեր երկրների ու ժողովուրդների ընդհանուր հետաքրքրություններից: Ցանկանում եմ ընդգծել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Ուրախ եմ նաև նշել, որ մեր հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր է խաղում միջխորհրդարանական համագործակցությունը: Մինչև տարվա վերջ Ղազախստանի խորհրդարանի ղազախ-հայկական բարեկամական խումբը կայցելի Հայաստան: Մենք ակտիվ համագործակցում ենք տարբեր միջազգային հարթակներում»,- ասաց Միրզոյանը:
Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարելի է անվանել եղբայրական:
«Եղբայրական են մեր ժողովուրդների հարաբերությունները, որովհետև մենք շատ նմանություններ ունենք մշակույթի, լեզվի հետ կապված: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, այս 20 տարվա ընթացքում նոր էջ է բացվել մեր երկու երկրների պատմության մեջ: Սա մեծ իրադարձություն է, և հպարտանալու առիթ թե՛ մեր, թե՛ ձեզ համար»,- նշեց Նազարբաևան:
Խորհրդարանների նախագահները Ազգային ժողովի այգում կմասնակցեն ծառատունկի արարողությանը: