Հայաստանի համար ԼՂ հիմնախնդիրը պարզապես տարածքային վեճի հարց չէ,մեր մտահոգությունը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով. Զոհրաբ Մնացականյան |tert.am|

tert.am: Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը Հայաստանում բավական ակտիվ քննարկում է ծավալել, որը ինձ համար առաջին հերթին կարծիքների բազմազանության, ժողովրդավարության արտահայտություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չէ: Նման հաղորդումը, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում ոչ միայն Հայաստանում: Եվ այդ առումով շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում բազմակարծություն է, գոյություն ունի քննադատություն, գոյություն ունի նաև աջակցություն»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին BBC-ի Hard Talk հաղորդաշարին Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից հետո ՀՀ արտգործնախարարի հասցեին քննադատությունների ալիք էր բարձրացել: Մասնավորապես, քննադատները մեղադրում էին, որ Զոհրաբ Մնացականյանը չի արձագանքել լրագրողի այն պնդմանը, որ Արցախը հայկական չէ, ինչպես նաև հարցազրույցում չի անդրադարձել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

«Շատ օգտակար էր ինձ համար քննադատական կարծիքներ լսելը: Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է: Եվ ի ցույց է դնում այն ամենը, ինչը մենք պնդում ենք՝ բազմակարծությունը, ժողովրդավարական հիմքերի առկայությունը, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդումը: Գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է լինելու, որոշում եմ կայացրել գնալ այնտեղ, որպեսզի ամրագրեմ այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից: Իմ խնդիրը եղել է մաքսիմալ սփռել այն, ինչն առաջնային է մեզ համար: Նորից փնտրելու ենք նոր առիթներ՝ նորից սփռելու այն, ինչը մեզ համար առաջնային է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը չբարձրաձայնելուն, ԱԳՆ ղեկավարը նշեց. «Հուսով եմ, որ բոլորն են կիսում այն դիրքորոշումը, որը արտահայտվել է նաև ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևոր բանը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի ժողովրդի կարգավիճակը: Կարծես, մենք բազմիցս սրա մասին խոսել ենք և արտահայտել ենք բոլոր հարթակներում, ներառյալ՝ այս ոճի ծրագրում»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի համար ԼՂ հիմնախնդիրը պարզապես տարածքային վեճի հարց չէ. «Մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է: Այստեղ մեզ համար առաջնային մեր մտահոգությունը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով և իր կարգավիճակը որոշելու իրավունքով: Արցախը, ինչպես ՀՀ-ն, տարածք է, որտեղ ապրում են հայեր, որպեսզի մնա պատմական հայկական տարածք, անհարժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը պաշտպանվի այսօր և ապագայում»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.