armtimes.com: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցությունը տարածվել է ԱՊՀ տարածքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հակ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջիններս քննարկում էին Մարտի 1-ի քրեական գործով անցնող անձանց վերաբերյալ հարցեր։ Գաղտնալսման դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։
Ավելի վաղ, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ինքը՝ Հայկ Գրիգորյանը, նախկինում ասել է, որ գաղտնալսման պատվիրատուն հայտնի է, ՔԿ նախագահն արձագանքեց․
«Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ՝ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը, դրանք տարբեր բաներ են: Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է: Այո՛, կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ նպատակահարմար չեմ համարում այդ մասին խոսել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե բոլորին հայտնի է՝ ովքեր են պատվիրել, մնում է ապացուցել, Հայկ Գրիգորյանն ասաց, որ իրենք իրենց գործունեության ընթացքում երբեք այդպիսի հայտարարություն չեն արել: