Պետությունը չի՞ կարողանում ապահովել մեղադրյալ, ռուսական բազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում․ՀՔԱՎ

2019 թ․ սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց:

Մեղադրող կողմը՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը, սեպտեմբերի 5-ին դատարանին նամակով խնդրել էր հետաձգել նիստը՝ արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի («Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը»), 54-րդ հոդվածի 3-րդ մասի («Դատարանի կողմից քրեական գործեր (…) քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»), 306-րդ հոդվածի 5-րդ մասի («Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է»), նիստը հետաձգել էր և նշանակել 2019-ի հոկտեմբերի 25-ին:

Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանը մահացել էր 2018 թ. դեկտեմբերին՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի կողմից՝ դաժան ծեծի արդյունքում: Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը …անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ):

2019թ. հոկտեմբերի 25-ին նշանակված նիստը նույնպես տեղի չունեցավ, որի մասին համապատասխան ծանուցում տեղադրվեց «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:

Դատական նիստերի՝ երկու անգամ հետաձգվելու փաստը ուշադրության չէր արժանանա, եթե չարձանագրեինք բավական հետաքրքիր մի փաստ: Ըստ տեղեկատվական համակարգի՝ Կ. Գաբրիելյանն այս անգամ խնդրել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը դարձյալ հետաձգել՝ այս գործով նույնպես մեղադրող ներգրավված, դատախազի տեղակալ Վ. Միրզոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների հերթական ատեստավորմանը մասնակցելու պատճառով՝ միաժամանակ խնդրելով հարգելի համարել դատական նիստին նրա չներկայանալը: Միևնույն ժամանակ մեղադրող դատախազ Կ. Գաբրիելյանը դատական նիստին անձամբ իր չմասնակցելու կամ մասնակցել չկարողանալու մասին որևէ հիմնավորում այս անգամ չէր ներկայացրել:

 Ավելին՝ hcav.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ․ ՀՔԱՎ |hcav.am|

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել

Դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ ՀՔԱՎ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.