Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։

«Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է Հայաստանի նախագահը։

Ընդգծելով, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Մենք ունենք համագործակցության շատ լայն սպեկտր և, անկասկած, հսկայական ներուժ։ Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են, և միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար»։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Նա Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։

Երկու երկրների նախագահները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության մասին։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցությունը, որը կարող է ընդգրկել նոր տեխնոլոգիաների, կրթության ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, և բավականին մեծ են փոխգործակցության ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.