tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վեց ժամից ավելի տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ պայմանավորվածությունները ՌԴ ղեկավարն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական», որոնք թույլ կտան կարգավորել թուրք-սիրիական սահմանին ձևավորված լարված իրավիճակը:
Նշվում է, որ Թել Աբյադ և Ռաս Ալ Այն քաղաքների միջև 32 կմ երկարությամբ ձգվող գոտու ստատուս-քվոն, որտեղ տեղի էին ունենում «Խաղաղության ակունք» ռազմարշավի գործողությունները, կպահպանվի:
Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունների գոտուց այն կողմ գտնվող տարածքում չորեքշաբթի առավոտվանից մուտք կգործեն սիրիացի զինծառայողները և ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը 30 կմ երկարությամբ ձգվող սահմանամերձ գոտուց: