armenpress.am։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:
Սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը նշեց, որ համաժողովը թերի կլիներ առանց Արցախ կատարած այցի:
«ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովն առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Մենք ընդգծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը: Համաժողովը նորովի էր անցկացման ձևաչափով:
Մենք կազմակերպեցինք մեր աշխատանքներն այնպես, որպեսզի մեր դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներն ունենան շփումներ գործարար աշխարհի հետ: Մենք հանդիպում ունեցանք Էկոնոմիկայի նախարարի հետ, այդ հանդիպումը ի հայտ բերեց որոշակի խնդիրներ, որոնք կապված են հավաքական պատվեր ձևակերպելու հետ: Մենք հանդիպում ունեցանք նաև Հայոց կաթողիկոսի հետ, քննարկվեցին նախարարության և Մայր աթոռի, դիվանագիտական ներկայացուցչությունների ու առաքելական եկեղեցու միջև համագործակցության մի շարք հարցեր:
Հանդիպում ունեցանք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ: Մեծ նշանակություն ուներ այցը Արցախ: Առանց այդ այցի դեսպանահավաքը թերի կլիներ: Բովանդակային քննարկումներ ունեցանք Արցախի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Դեսպանահավաքի ընթացքում ներկայացրի նաև ՀՀ արտաքին քաղաքականության երեք սկզբունքները»,- ասաց Մնացականյանը: