tert.am: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանները ճնշել են «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ» անվանումը կրող կազմակերպության՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:
Բաքվի ոստիկանության հասարակական անվտանգության ծառայության պետ, գնդապետ Նուրուլլահ Մամեդխանլին հայտարարել է. «Երկու օր առաջ ես հեռուստատեսությամբ կոչ արեցի, որ ոչ մի գործողություն տեղի չի ունենա Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմաց: Մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ մետրոյի անվտանգության գոտում ներառված տարածքում որևէ գործողություն չի կարող իրականացվել»:
Գնդապետ Մամեդխանլին տեղեկացրել է, որ մետրոյի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը ճնշվել է ոստիկանության կողմից, կան ձերբակալվածներ:
Գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ակցիայի կազմակերպիչների նպատակը ցույցը չէր, այլ սադրանքների միջոցով հասարակական անդորրը խաթարելը, հակառակ դեպքում նրանք կկազմակերպեին իրենց ցույցը թույլատրված վայրում: