aysor.am: Այսպիսի բան, երբ հազարավոր մարդիկ ներգրավում են զորահավաքային վարժանքներին, երբևէ չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած զորավարժություններին:
«Շատ շնորհակալ եմ բոլորին, որովհետև ընդհամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ: Արդյունքներից գոհ եմ», – ասաց Տոնոյանը՝ նշելով, որ մասնակիցների թիվը իր ակնկալիքից էլ մեծ է եղել.
«Սա ինչ-որ մեծ հասարակական շարժում էր», – ասաց նախարարը:
Ինչո՞վ է պայմանավորում մասնակցության նման ցուցանիշը ՝ Տոնոյանը նշեց՝ բացատրական ու տեղեկատվական աշխատանքները:
Նախարարը նաև նկատեց, որ զորավարժություններն անհանգստության պատճառ չպիտի դառնան, քանի որ դրանք ընդհամենը նպատակ ունեն ստուգել կենտորնացված ղեկավարման կառավարման համակարգը, զորահավաքային պլանները, ՏԻՄ պլանները, տեխնիկական պատրաստվածությունը և այլն:
«Կարիք չկա անհանգստանալու, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը», – ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկելու են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: