armenpress.am։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի կարծիքով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահից հետո արված վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքին:
Լրագրողների հետ զրույցում Այվազյանը նշեց, որ պետք չէ այս փուլում ակնկալել նախաքննական տվյալների հրապարակում, որովհետև մի շարք քննչական դատավարական գործողություններ պետք է կատարվեն:
Անդրադառնալով այն հարցին, որ նախաքննության մարմինը քննության այս փուլում Հայկ Հարությունյանի՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ օգտագործելու տեղեկություն է հրապարակել, Այվազյանն ընդգծեց, որ գործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն հրապարակի:
«Եթե այս պահին որոշակի տեղեկատվության հաղորդումը չի խոչընդոտելու վաղվա քննությանը, բնականաբար, ցանկացած տեղեկություն կարող է հրապարակվել»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը:
2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Մահվան դեպքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո եղան հրապարակումներ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հետագայում հերքվեցին իրավապահ մարմինների կողմից: