Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ,

Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։

Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ Օտտո ֆոն Բիսմարկն է ՝ Գերմանիայի «Երկաթե կանցլերը»։ Բայց կարևորը ոչ թե ասույթի հեղինակն էր, այլ որ նա էլ իրեն դեռ աշակերտ էր համարում՝ մեզ պարզապես ակնարկելով, որ սովորել անհրաժեշտ է լինելու ոչ միայն դպրոցական տարիների, այլև ողջ կյանքի ընթացքում։

Իմ առաջին ուսուցիչն իմ ծնողներն են, իսկ վերջինը․․․ Ինչպես Վարդգես Պետրոսյանի հայտնի հերոսը կասեր՝ վերջին ուսուցիչ չի լինում։ Ամբողջ կյանքում մենք շարունակում ենք սովորել, քանի որ ապրում ենք, որովհետև հենց դադարենք սովորել, կդադարենք ապրել։

Մենք այսօր էլ շարունակում ենք սովորել մարդ լինել ու մարդ մնալ, ճանաչել ու պաշտել հայրենիքը, ապրել նրանով և այն ապրեցնել մեր մեջ, սովորում ենք ապրել ազատ երկրում, մտածել ու ստեղծել, դասեր քաղել հաջողություններից և ձախողումներից, ձգտել և հասնել մեր նպատակներին։

Մենք սովորում ենք ոչ միայն օրվա դասը, այլև՝ կրկնում երեկվանն ու նախորդ օրվանը, որովհետև երեկվա օրն այսօրվա ուսուցիչն է։ Սովորում ենք վաղվա դասերը, այլապես անհնար է առաջ գնալ ու կատարելագործվել։

Յուրաքանչյուրիս մեջ մի քիչ ուսուցիչ կա, բայց բոլորս չէ, որ Ուսուցիչ ենք։ Մենք բոլորս ամբողջ կյանքում մնում ենք աշակերտ, իսկ մեզնից սակավները՝ Ուսուցիչ։

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ։

Շնորհակալություն Ձեզ, Ուսուցի՛չ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.