ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը որոշում է կայացրել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դա գիտենք, հայտարարվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել, այժմ քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը»,– ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մեջլիսի (խորհրդարան) նախագահ Նուրդինժոն Իսմոյիլովի հետ հանդիպման ժամանակ:
Մատվիենկոն հույս է հայտնել, որ համաձայնության հասնելու գործընթացը չի ձգձգվի, եւ Ռուսաստանն ու Ուզբեկստանը հնարավորություն կունենան համագործակցել միության շրջանակում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ համագործակցության համար եւ կվերացնի խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում:
«Մենք պատրաստ ենք մասնակցել Օլիյ մեջլիսի ընտրությունների ժամանակ մոնիթորինգային առաքելությանը, եթե նման հրավեր լինի»,– հավելել է Մատվիենկոն: