Արցախյան ազատամարտից ծնունդ առած Հայոց բանակը հզոր է առավել, քան երբևէ. Արտակ Դավթյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: 

«Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ,

Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորման բարդ ընթացք ունեցավ՝ սկսվելով Արցախյան ազատամարտից և շարունակվելով մինչև մեր օրերը, սակայն այս տարիների ընթացքում բազմիցս ունեցանք հերոսական դրվագներ և հպարտանալու առիթներ: Բանակը ոչ միայն համակարգն է, այլև անհատներն են, որ կերտում և ամրացնում են այն: Այսօր նախևառաջ ուզում եմ շնորհավորել հենց այդ անհատներին, որոնց նվիրյալ, երբեմն ինքնազոհ ծառայության շնորհիվ է, որ ունենք կուռ և ամուր կառույց, որին վստահում և ապավինում է ողջ ազգը: Պատմությունը ցույց է տալիս՝ հենց որակի և ներքին ուժի շնորհիվ է, որ դարեր շարունակ մենք կերտել ենք հաղթանակներ, և այդ ավանդույթը չի խախտվելու:

Մենք երբեք չենք մոռանում՝ հայկական բանակի ակունքներում նախևառաջ մեր զոհված հերոսների սխրանքն է. մենք շարունակում ենք բանակաշինության գործընթացը՝ հավատարիմ մնալով նրանց հիշատակին: Փառք ու պատիվ մեր զոհված ընկերներին:

Նաև արձանագրում ենք՝ այսօր մենք ունենք սպայական կիրթ և ուժեղ կազմ, խելամիտ և պատրաստակամ ժամկետային զինծառայողներ, հոգատար և բանիմաց հրամանատարներ, և այս եռամիասնությունն է, որ անսասան է պահում մեր երկրի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմանները: Մենք բազմիցս հայտարարել ենք և կրկնում ենք՝ պատերազմ հրահրելու ցանկություն Հայաստանի զինված ուժերը չունի, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, այլ նաև ստիպելու մտորել անվերադարձ կորուստների հետևանքների մասին:

Ոմանց համար բանակը որդու կամ եղբոր, մյուսների համար հոր պես թանկ է և հարազատ: Ամեն մեկս մեր չափաբաժին հոգածությունն ունենք տալու բանակին՝ փոխարենը ստանալով խաղաղ և զարգացող երկրում ապրելու հավաստիացումը, գրավականը: Վստահ եմ, որ բոլորս շարժվում ենք այս գիտակցմամբ՝ սկսած ընտանիքից մինչև դպրոց, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը և արձանագրում՝ Արցախյան ազատամարտից ծնունդ առած Հայոց բանակը հզոր է առավել, քան երբևէ և կատարելագործվում է ամեն օր:

Կեցցե՛ Հայոց բանակը: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին և այս պահին իրենց հայրենիքին ծառայություն մատուցող զինծառայողներին: Պատիվ ունեմ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.