armtimes.com: Արցախի վարչական դատարանն այսօր կեսօրին կայացրած նիստում որոշել է բավարարել «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի դիմումը եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը պարտավորեցնել Խանումյանին տրամադրել վերջին 10 տարում Արցախում բնակվելու մասին տեղեկանք: Տեղեկանքը Խանումյանին անհրաժեշտ էր՝ մարտի 31-ին սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Անձնագրային եւ վիզաների վարչությունը տեղեկանքը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ Խանումյանի անձնագրում գրանցումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, իսկ քանի որ ընտրությունները մարտի 31-ին են, ապա նա այդ օրը չի համարվում 10 տարի Արցախում բնակված:
Խանումյանն էլ պնդում էր, որ ինքն Արցախում զինվորական հաշվառում է անցել մարտի 26-ին, հետեւաբար դա պետք է հաշվել իր քաղաքացիության սկիզբը: Դատարանը համաձայնել է այս պնդման եւ բերված ապացույցների հետ:
Խանումյանը քիչ առաջ ասաց, որ ընդմիջման ժամի ավարտից հետո պատրաստվում է գնալ եւ ստանալ իր տեղեկանքը, իսկ վաղը՝ նաեւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել ԿԸՀ-ում: