civilnet.am: Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում. այս մասին ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկվել Մինսկի խմբի համանախագահների հետ։
«Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում: Մնացած հարցերը ևս քննարկվում են այս պահին: Իհարկե, համանախագահները դեռևս Երևանում են, լինելու են նաև Ստեփանակերտում, այնուհետև պետք է գնան Բաքու: Դրանից հետո առավել համապարփակ կկարողանանք ամփոփել, որովհետև այս պահին այդ գործընթացները տեղի են ունենում»,- ասել է Մնացականյանը։
Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իր երկիրը «Հայաստանին ժամանակ է տվել, որպեսզի ուսումնասիրի, հիմա այդ ժամանակն սպառվել է», Մնացականյանն հայտարարել է․ «Բազմաթիվ անգամ ասել ենք, նման լեզուն բանակցային լեզու չէ, առավել ևս բանակցողի համար վայել չէ:
Սպառնալիքների լեզուն չի աշխատել և չի աշխատելու, բազմիցս ասել ենք դրա մասին: Բազմիցս ասել ենք նաև՝ Հայաստանը և Արցախը վճռական են իրենց պաշտպանության առումով: Տարբեր ձևերով ենք ասել դա: Իմաստը դա չէ: Դա որևէ կերպ չի նպաստում բնականոն աշխատանքին, առավել ևս, երբ բանակցողի կողմից է նման բան հնչում, դա վայել չէ»: