ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված՝ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ներկայացրած օրենքի նախագիծով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:
«Գործող կարգավորման համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Անգամ, եթե, օրինակ, հագուստի և այլ իրերի հետ մեկ տուփ գլխացավի դեղ է ուղարկվում, ամբողջ բեռը չի տրամադրվում քաղաքացուն, մինչև քաղաքացին չի գնում Մաքսային ծառայություն ու չի գրում ոչնչացման մասին հայտարարագիր»,-ասաց Սիսակ Գաբրիեյանը և նշեց, որ դեղորայքի չափը կսահմանի կառավարությունը:
Հիմա անձը սահմանը հատելիս կարող է տեղափոխել մոտ 38 տուփ դեղ, այս տարբերակով քննարկվում է 9 տուփից ոչ ավելի թույլատրելու տարբերակը: Ռիսկերից խուսափելու համար մաքսային ծառայությունում վիճակագրություն կվարվի, կգրանցվի, թե ում անունով է ստացվել դեղը: