Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20 (թարմացվող)

23։20- Նոր կորոնավիսուսի տարածումը սահմանափակելու նպատակով Ռումինիայում սահմանվում է «տոտալ կարանտինի ռեժիմ»: Դա պատճառաբանվում է Ռումինիայում կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճով: 
Երկրի նախագահ Յոհաննիսը տեղեկացրել է, որ Ռումինիայի բանակը ստացել է «տոտալ կարանտինի ռեժիմն» ապահովելու հարցում ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին ամենայն կերպ սատարելու հրահանգ: Նա ասել է, որ 65 տարեկանից բաձր բնակիչներն ընդհանրապես զրկվում են տունը լքելու իրավունքից: Մինչև 65 տարեկանները կարող են տներից դուրս գալ «ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ պարեն կամ դեղորայք գնելու, աշխատանքի կամ բուժհիմնարկ գնալու նպատակով։ [Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիս] |azatutyun.am|

 

21:36- Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց։ Այն պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը Մոսկվայում, սակայն ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:

21:15- Մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 70 է, ժամը 13-ի դրությամբ՝ 67 էր։ Կարանտինում 4055 մարդ է, ստացիոնարում՝ 252, ապաքինված է համարվում 9 մարդ: Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի պիկին սպասում են 3 շաբաթից, քանի որ պիկ լինում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: |aliq.ge|

19:50- Իսպանիայում վերջին մեկ օրում 514 մահ է գրանցվել։ Պաշտոնական տվյալներով՝ վարակակիրների թիվը գրեթե 40 հազարի է հասել, այդ թվում ՝ 4․4 հազար բուժաշխատող, իսկ մահվան դեպքերինը՝ 269: Վարակակիրներ գերակշիռ մասը մայրաքաղաք Մադրիդում է։ |factor.am|

19:35- Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի հարցով G20 գագաթաժողովն առցանց ձևաչափով անցկացնել մարտի 26-ին, Ռուսաստանը հրավեր է ստացել ֆորումին և պատրաստվում է մասնակցել, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: |aysor.am|

19:30- Ֆրանսիայում երկու ամսով պաշտոնապես ուժի մեջ է մտել արտակարգ սանիտարական դրությունը: Այժմ կառավարությունն իրավունք ունի սահմանափակել հանրային ազատությունները՝ առանց խորհրդարանի հետ հատուկ խորհրդակցությունների, հայտնում է France Info-ն:

18:30- Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել: Փողոցներում կարգուկանոնը կապահովեն զինվորականները։ Այս մասին հայտնում է Վեստին։ Սահմանված կարգով՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կարգելվի 20:00-ից 7:00-ն։ Պարետային ժամին փողոցում գտնվողները կկալանավորվեն մինչև պարետային ժամի ավարտը։ Ղրղզստանում վարակակիրների թիվը, վերջին տվյալներով, 42 է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ |factor.am|

18:20- Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի պանդեմիան, մարտի 25-ից կհանվեն ելքի սահմանափակումներն այն անձանց համար, որոնց դա թույլատրվում է բժշկական ցուցումներով: Սակայն այլ երկրներից վարակի տարածման ռիսկն աճում է, ինչը կհանգեցնի հսկողության խստացման խոշոր քաղաքներում, օրինակ՝ Պեկինում, հայտնել է Reuters-ը։ Երկուշաբթի Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք, որոնցից 74-ը բերովի է: |news.am|

16։59- Տոկիոյի  32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: Դրանք կկայանան 2021թ-ի հուլիսին: |armenpress.am|

 

14։38- Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մի շարք ոլորտներում առկա սահմանափակումներին ավելացել են նորերը: Հանրային տրանսպորտը պետք է երթևեկի կիսով չափ բեռնված: Խանութների վերաբերյալ էլ շրջաբերականում ասվում է, որ 10 քառ․ մ մակերեսի վրա չպիտի լինի մեկից ավել մարդ։ Մինչև խանութում գտնվող հաճախորդը դուրս չգա, չի կարելի նոր հաճախորդին ներս թողնել: |ermenihaber.am|

 

13։31- Թուրքիայի Սիվաս նահանգում  առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար 87 քաղաքացու վարչական տուգանք է նշանակվել։ Արտասահմանից վերադարձած 135 անձի նկատմամբ սահմանվել էր կարանտինային ռեժիմ։ Վերջիններս 14 օր պետք է ինքնամեկուսացվեին և դուրս չգային փողոց։ Ստուգայցերից հետո պարզ է դարձել, որ նշյալ քաղաքացիներից 87-ը չեն ենթարկվելով կանոններին և դուրս են եկել իրենց տներից։ |ermenihaber.am|

 

13։29- Վրաստանում մարտի 24-ի ժամը 13:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք: Ընդհանուր հաշվով Վրաստանում վարակվել է 67 մարդ: Պաշտոնապես բուժված է համարվում 9 մարդ: Կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների քանակը թարմացված տվյալներով կտրուկ աճել է և կազմում է 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ: |aliq.ge|

 

12։25- Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել է միջքաղաքային ուղևորափոխադրումները: Ուղևորներն այլևս չեն կարող ճանապարհորդել ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և գնացքներով: |tert.am|

 

11։35- Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոն ասել է, որ հավանաբար աշակերտներն այս ուսումնական տարում չեն վերադառնա դասարաններ կորոնավիրուսի պատճառով։ Նրա խոսքով՝ չնայած նրանց նպատակն էր ապրիլի 20-ին վերաբացել դպրոցները, բայց դա այնքան էլ իրատեսական չէ։

 

11։25- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ նախագահը մարտի 23-ին հրամանագիր է ստորագրել՝ կանխելու կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների գների անհիմն թանկացումը։

 

11։12- ԵՄ անդամ երկրների ֆինասների նախարարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի առաջակին, ըստ որի՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում մեղմացվում են ԵՄ տարածքում գործող հարկաբյուջետային նորմերը։

 

10։59- Վրաստանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացավ ևս 5-ով` հասնելով 66-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսից պաշտոնապես առողջացած է համարվում 8 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 3320 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  235 պացիենտ: |aliq.ge|

 

10։34- Թուրքիայում անցած 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 37-ի: Այս մասին Twitter-ում արած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:  Վերջին 1 օրվա ընթացքում երկրում արվել է  3.672 թեստ, որոնցից 293-ի պատասխանը հաստատել է վարակված լինելու փաստը: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել 1529-ի: |ermenihaber.am|

 

10։21- Երկիր մոլորակը դեմ առ դեմ է դուրս եկել՝ ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի։ Վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։ Աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարհանվածները, վճարում են ամենաբարձր գինը։ Պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը։ [ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշ]

 

09:26- Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել, որը ենթադրում է փողոցում ոչ ավելի, քան 10 մարդու ներկայություն, ինչպես նաև 65-ից բարձր անձանց տնային կարանտինի պահպանում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը։ Երկրում կորոնավիրուսով վարակվելու 72 հաստատված դեպք կա, որից 6-ը հաստատվել է վերջին մի քանի օրերին։ Երկրում ընդհանուր առմամբ բուժվել է 10 մարդ, մեկը մահացել է, 61-ը շարունակում են բուժումը։ |shantnews.am|

 

09:24- Կորոնավիրուսի պանդեմիան թափ է առնում։ 1-ին դեպքի գրանցումից հետո 67 օր պետք եղավ, որպեսզի հիվանդների թիվը հասնի հարյուր հազարի, 11 օր՝ երկու հարյուր հազարի, ու ընդամենը 4 օր՝ երեք հարյուր հազարի հասնելու համար։ Այս թվերը կարևոր են, դրանք մարդիկ են, որոնց կյանքն ու ընտանիքները գլխիվայր եղան։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]

 

09։18- Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված ճգնաժամի պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել 2020թ․ մայիսին կայանալիք ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը։

 

09։00- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը երեք շաբաթ կգտնվի կարանտինի մեջ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի նպաստավոր դարձնելու համար: Իրավիճակը հսկելու է ոստիկանությունը: Մեծ Բրիտանիայում կարգելվեն խմբակային միջոցառումները՝ հարսանիքներ, կնունքներ և այլն, բացառությամբ՝ հուղարկավորությունների: Կփակվեն մանկական խաղահրապարակները, գրադարանները: |tert.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․03․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.