news.am։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կարող են մինչեւ ուսման ավարտը բանակից տարկետում ստանալ:
Համապատասխան նախագիծը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մայիսի 24-ի նիստում հաստատեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Բացի այդ օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի, որպեսզի ավագ պրապորշչիկները որպես շահառուներ ընդգրկվեն սպաների համար «Մատչելի եւ երկարաժամկետ հիփոթեքային վարկավորում» ծրագրում:
Օրենքի մյուս դրույթներից են պայմանագրային ծառայությանն անցնելու ցանկացողների տարիքը մինչեւ 40 տարեկանը բարձրացնելը՝ ներկայիս 36-ի փոխարեն:
«Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը առաջարկեց որոշակի զինվորական մասնագիտությունների համար պայմանագրային ծառայության տարիքը մինչեւ 45 տարեկանը բարձրացնել:
Նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բաբայանը նշեց, որ եղբայրներին միաժամանակ բանակ զորակոչելու դեպքում, վիճակահանությանը կարող է մասնակցել եղբայրներից միայն մեկը, իսկ մյուսը կզորակոչվի նույն զորամաս:
«Զորակոչիկը, որի եղբայրն արդեն ծառայության է գտնվում, կարող է զորակոչվել նույն զորամաս, եթե նա համապատասխանում է տվյալ զորամասում ծառայության պայմաններին»,- հավելեց նա: