Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Եվրամիության կողմից ՀՀ-ին ընդհանուր առմամբ կհատկացվի 92 միլիոն Եվրո աջակցություն։ Այդ աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտների, մասնավորապես՝ առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին և նաև ՓՄՁ-ներին։
Այժմ քննարկվում է, թե ինչ գործիքակազմի շրջանակում այդ աջակցությունը կտրամադրվի։ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ աջակցության չափը դեռ քննարկման շրջանակում է և կարող է ավելանալ։
«ԵՄ-ի կողմից հաստատվել է նոր գործիք, որն ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին և տնտեսական ճգնաժամից դուրս գալուն։ Այդ աջակցությունը կտրամադրվի բոլոր երկրներին, որոնք կարիք ունեն։ Գործիքի կոչվում է Team Europe, և գործիքի շրջանակում արդեն իսկ նախատեսված է մոտ 20 միլիարդ Եվրոյի աջակցություն»,- նշեց նա
Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում, բացի երկկողմ աջակցությունից, կա Արևելյան գործընկերության 6 երկրների շրջանակում ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցություն, որն այս պահի դրությամբ կազմում է մոտ 80 միլիոն Եվրո և կտեղաբաշխվի 6 երկրների մեջ։
«Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը կվերանպատակաուղղի մոտ 880 միլիոն Եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանի համար նախատեսված աջակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսական գործիքների միջոցով, որն ուղղված կլինի մեղմելու կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները»,- նշեց նա։
Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանն էլ հավելեց, որ տեղի է ունեցել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենախոշոր «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» ծրագրի առաջին խորհրդատվական կոմիտեի նիստը, որին մասնակցել են նախարարի տեղակալները, Եվրամիության կողմից միջազգային մեր գործընկերները, և որոշում է կայացվել, որ GAIA ծրագրի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտին կտրամադրվի 456 հազար 500 Եվրոյի չափով աջակցություն։