Անցնող օրվա դրությամբ ունեցել ենք նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացում։ Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակն հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է։ Մոտավորապես 1500 հոգուց ավելի մարդ այս ամբողջ ընթացքում կարանտինից դուրս է եկել»,- նշեց նա։
Արսեն Թորոսյանն ասաց, որ այս ընթացքում կարանտինում գտնվող մոտավորապես 300 անձի մոտ հաստատվել է դրական արդյունք։
«Կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են, այսինքն ՝ եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մոտ 300 քաղաքացու փաստորեն հետազոտած և հաստատած չէինք լինի, և հնարավոր է, որ ավելի մեծ տարածում ունենայինք»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված։ Նա ասաց, որ եթե հանրությունը նախարարության բոլոր խորհուրդներն իրականացնի, գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի թեստ է արվել վերջին 24 ժամում։ Նախարարը պատասխանեց, որ 24-ժամյա ցիկլով իրականացվել է ֆիքսված 537 թեստ, բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, իրականում արված թեստերի քանակը 810 է։
«Մենք նաև համեմատում ենք այլ երկրների հետ։ Մեկ միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում՝ նույնսիկ մեր հարևանների և մոտ գործընկերների հետ համեմատած։ Մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր, իհակե, կրկին ցուցումներով, ցուցումների շրջանակն էլ աստիճանաբար լայնացնում ենք»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ եթե կարիք լինի կարող են մտածել նոր լաբորատորիա ներգրավելու և ծավալները մեծացնելու շուրջ։