ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի համավարակի և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության թեմայով հանդես է եկել ուղերձով։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարում, ապա անդրադարձել է կորոնավիրուսի առաջացրած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 2 մլն 181 հազար 508 դեպք, մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել՝ 552 հազար 264 մարդ, ապա ներկայացրել ՀՀ-ում առկա իրավիճակը՝ 1201 հաստատված դեպք, 402 առողջացած եւ մահվան 19 դեպք։ «Մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73,8 է, բոլորն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ։ Մեր հիվանդանոցներում կորոնավիրուսով բուժվում է 780 հոգի, մեկուսցաման մեջ է 1700 քաղաքացի, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ չնայած տագնապալի թվերին՝ հարկ է համարում ընդգծել, որ մեր առողջապահական եւ պետական կառավարման ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտ կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել։ Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում»,- ասել է ՀՀ վարչապետն ու ավելացրել՝ առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին։
Նա վստահեցրել է՝ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար, նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ։
«Այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչն իրականացվել է ինչպես բյուջեի միջոցների, այնպես էլ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերաների աջակցությամբ»,- շեշտել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը, մի բան, որը, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ «Շնորհակալ եմ ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, ՌԴ-ի, Իրանի մեր գործընկերներին, որոնք ջանք չեն խնայում բեռնաշրջանառությունը հնարավոր լավ ձեւով ապահովելու համար»,- ասել է նա։