18։47- Համաձայն վերջին տվյալների՝ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 36,793 դեպք (նոր դեպքերը 4,785 են)։ Մահացել է 313 մարդ (մահվան նոր դեպքերը 40 են)։ Առողջացածների թիվը կազմում է 3,057։ |worldometers.info|
18։31- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում հատուկ ուժերի և զինուժի միջոցների ներգրավման հնարավորությունը։ Դեռ ապրիլի 13-ին Պուտինը խոսել էր COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի զինված ուժերի ներգրավման տարբերակի վերաբերյալ։ Մարտի վերջին, Պուտինի հանձնարարականով, զինված ուժերում անց են կացվել ստուգիչ միջոցառումներ, որոնց նպատակը COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարին պատրաստ լինելն էր։ |hetq.am|
18։08- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 275 հազար 738-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 156 հազարը: Ապաքինվել է 582 հազար 424 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
|armenpress.am|
17։39 – Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 978 բժիշկ: Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովը տեղեկացրել է. որ վերջին տվյալներով իրենց մոտ գրանցվել է վարակվածության 5 հազար 106 դեպք, որից 133-ը մահվան ելքով, 275 մարդ ապաքինվել է: |armenpress.am|
17։08 – Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը խնդրել է, որ ապրիլի 21-ին իր ծննդյան օրվա կապակցությամբ չլինի որևէ հրավառություն, քանի որ, ըստ թագուհու, այն «տեղին չի լինի» կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ |reuters.com|
16։18 – ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
16։02 – Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլին երեկ նշել է, որ այսուհետ անհրաժեշտ է երաշխավորել, որպեսզի կորանավիրուսի դեմ մղված պայքարում առանձին պետությունների ծախսերը կիսեն են նաև այլ պետություններ։ Միաժամանակ նշել է, որ ԵՄ-ն ստեղծված ճգնաժամից պետք է դուրս գա ավելի ուժեղ՝ չկորցնելով ժողովրդավարական արժեքները։
15։09 – Ուկրաինայում Զատկի տոնին քաղաքացիների կողմից կարանտինի սահմանափակումները զանգվածային խախտելու դեպքում ոստիկանությունը կներգրավի հատուկ նշանակության ջոկատին:
«Մենք կկանգնեցնենք այդ մարդկանց: Այն հատվածներում, որտեղ կհավաքվեն մեծ թվով քաղաքացիներ, ստիպված կլինենք ներգրավել հատուկ ջոկատայիններին»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Յուրի Տանդիտ։ |armenpress.am|
15։06 – Իրանում կորոնավիրուսի ապրիլի 18-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 1.374-ով
Ընդհանուր՝ 80.868
Մահացածների թիվն ավելացել է 73-ով
Ընդհանուր՝ 5.031
Ծանր վիճակում է գտնվում 3.513 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.923-ով
Ընդհանուր՝ 55.987
Մինչ այժմ թեստավորվել է 330․137 անձ։
[Իրանում ՀՀ դեսպանություն]
14։24 – Բարեբախտաբար, առայժմ երեխաները հիմնականում զերծ են կորոնավիրուսի ամենածանր հետևանքներից, սակայն նրանց կյանքը հիմնովին խառնվել է։ Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր ընտանիքներին և առաջնորդներին՝ պաշտպանել մեր երեխաներին։ Մենք պետք է առաջնահերթությունը տանք ամենախոցելի, հակամարտությունների պայմաններում ապրող երեխաներին՝ մանկահասակ փախստականներին և տարհանվածներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշ]
14։12 – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, մինչև հունիսի 15-ն օտարերկրացիները չեն պարտավորեցվի ՌԴ-ից դուրս գալ: |armenpress.am|
14։08 – Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը իջեցրել է կազմակերպության դրոշը՝ ի նշան միասնության և հարգանքի այն մարդկանց հիշատակին, որոնք մահացել են կորոնավիրուսի պատճառով։
13։44 – Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը 24 ժամում ավելացել է 4 785-ով։ ՌԴ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է 36 793։ Առողջացել է 3 057 մարդ, 313 կորոնավիրուսով վարակակիր անձ մահացել է։ |tass.ru|
12։17 – Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ թարմացված տվյալներ, 18․04․2020
Հաստատված դեպքեր – 385
Առողջացածներ – 84
Մահացածներ – 3
Կարանտինային ռեժիմում գտնվողներ – 4971
Ստացիոնարում վերահսկողության տակ գտնվողներ – 519
|stopcov.ge|
12։01 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գյուղատնտեսական ոլորտի աջակցության ծրագրի մասին։ Ըստ ծրագրի՝ կառավարությունն ընդհանուր առմամբ 19 միլիարդ դոլար կհատկացնի՝ օժանդակելու կորոնավիրուսի համավարակից տուժած ֆերմերային տնտեսություններին։
10։42 – Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար մեզ անհրաժեշտ է համաշխարհային կոալիցիա։ Այդ պատվաստանյութը պետք է հասանելի լինի ամենուրեք՝ բոլորի համար։ Սա պետք է դիտարկվի որպես համաշխարհային հանրային շահ։ [ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշ]
10։38 – Ֆրանսիայի ռազմածովային իշխանությունները հետաքննություն են իրականցնում՝ պարզելու «Շարլ դե Գոլ» ռազմանավի անձնակազմի վարակման ճանապարհները։ Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին տեղեկացրել է, որ 2 300 հոգանոց անձնակազմից 1 081-ի մոտ կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են տվել։
Նշենք, որ «Շարլ դե Գոլ»-ը Տուլոն նավահանգիստ էր ժամանել 5 օր առաջ, և այդ 5 օրվա ընթացքում ռազմանավի վրա իրականացվում էին ախտահանման աշխատանքներ։
10։27 – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուր քննադատության է ենթարկել ռուսական արտադրության կորոնավիրուսի թեստերը՝ ասելով, որ դրանք անորակ են և ոչ ճշգրիտ։
«Շատ թեստ ենք անցկացնում, բայց պետք է անկեղծ ասեմ․ ես ու ոչ միայն ես, արդեն հայտնաբերել ենք, որ այդ թեստերը պիտանի չեն։ Հրաժարվել ենք ռուսական թեստերից, նորից անցել ենք չինականների», – ասել է Լուկաշենկոն։
10։21 – Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2,251,770 է։ 574,386 մարդ առողջացել է,154,311 մարդ՝ մահացել: Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ կա 710,272 վարակված, 37,175 մարդ մահացել է, 63,510-ը՝ ապաքինվել։ Երկրորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարակված է 190,839 մարդ, մահացել է 20,002 հոգի, առողջացել՝ 74,797 հոգի։ |worldometers.info|