Ըստ բազմաթիվ նոր ուսումնասիրությունների՝ գնալով ավելի մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք տանում են կորոնավիրուսի վարակն առանց որևէ աշխտանշանի, ինչը հույս է ներշնչում, որ վարակի մահացության ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան ի սկզբանե զգուշացվում էր։
Սա, մի կողմից, լավ նորություն է, սակայն, մյուս կողմից, այսպիսով անհնար է դառնում իմանալ, թե շրջապատում ով կարող է վտանգավոր լինել, ինչը շատ ավելի է դժվարացնում որոշումը, թե երբ սկսել աշխատել, բացել դպրոցներն ու վերադառնալ նորմալ կյանքի։
Վերջին շաբաթվա ընթացքում առանց ախտանշանների դեպքերի մասին հաղորդագրություններ են եղել Բոստոնի անօթևանների համար ապաստանում, ԱՄՆ ռազմածովային նավի անձնակազմի շարքերում, Նյու Յորքի հիվանդանոցում հղի կանանց մոտ, մի քանի Եվրոպական երկրներում ու Կալիֆոռնիայում։
ԱՄՆ Վարակների կառավարման ու կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ վարակվածների 25 տոկոսը կարող է որևէ ախտանշան չունենալ։ ԱՄՆ Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի փոխնախագահ գեներալ Ջոն Հայտենի կարծիքով՝ զինվորական անձնակազմի շրջանում այսպիսի հիվանդների թիվը կարող է հասնել 60-70 տոկոսի։
Մինչդեռ Հարվարդի Հանրային առողջապահության ինստիտուտի ներկայացուցիչ Մայքլ Մինան գտնում է, որ այս թվերն այնքան էլ արժանահավատ չեն, քանի որ հիմնված են ոչ լիարժեք թեստավորումների տվյալների վրա։
Աղբյուրը՝ apnews.com:
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի