Այս աշխատանքը, որ արվել է վերջին շրջանում ամբողջ ախատանքաին խմբի, կառավարության համար չափազանց պատասխանատու աշխատանք էր, որովհետև յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը դառնում է յուրաքանչյուր հայի մտասևեռումը։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է և այստեղ իսկապես մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որպեսզի փարատենք մեր Ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում։ Այս մասին Ապրիլի 24-ին սպասվող միջոցառումների վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Խզմալյանը նշեց, որ բոլոր նախաձեռնությունների հիմքում , եղել է կառավարության մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության ապահովության հանդեպ։
«Մեր հիմնական ուղերձը այն է, որ ցեղասպանության նահատակների և նրանց հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը՝ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է։ Մեր կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը, հարգելով կյանքը»,- ասաց նախարարի տեղակալը։
Կազմակերպված միջոցառումների մասին խոսելով Խզմալյանը հիշեցրեց, որ այսօր ժամը 9-ին մեկնարկում են միջոցառումները։ Բոլոր եկեղեցիների ղողանջի ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցային լույսերը։ Վաղն առավոտյան կմեկնարկեն պաշտոնական այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ։ Երեկոյան ժամը 22։00-ից սկսած մինչև լուսաբաց՝ առավոտյան ժամը 6-ը, տեղի կունենա գեղարվեստական համերգ։
«Կարծում եմ ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն էր, և սկսած առավոտյան 8-ից ՀՀ քաղաքացիները և Արցախի հայրենակիցները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 համարին և սփյուռքից՝ 0037433191500 համարին։ Երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անունը և այսպիսով կխորհդանշեն իրենց ներկայությունը»,- այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
Վիրաբյանը նշեց, որ օպերատորների հետ բանակցություններ են տեղի ունեցել, նրանք պատրաստ են եղել հաղորդագրությունների համար գումար չգանձել, սակայն վերջնարդյունքում որոշվել է հաղորդագրությունների արժեքը սահմանել սիմվոլիկ՝ մեկ դրամ։
«Հաղորդագրությունները պետք է չկրեն գովազդային բովադակություն։ Մեկ համարից կարող է ուղարկվել ոչ ավելին քան 5 հաղորդագրություն։ Ցանկալի է, որ բովանդակությունը լինի հայատառ և պարունակի անուն ազգանուններ։ Հաղորդագրությունները կզտվեն և կներկայացվեն միայն նրանք, որոնց բովանդակությունը բավարարում է ներկայացված պահանջներին»,- եզրափակեց փոխքաղաքապետը։