armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությանը ծախսեր կատարելու առումով ճկունություն է տրվում միայն համավարակի հետ կապված միջոցառումների իրականացման համար:
Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ապրիլի 29-ի նիստում նախագծի քննարկմանը:
Նա նկատեց, որ պատգամավորների շրջանում կա տարընկալում, թե առաջարկվող նախագծում սկզբունքորեն վերանայվում է ԱԺ-ի իրավասությանը վերապահվող գործառույթների զգալի մասը, որը կապված է բյուջեի կատարման նկատմամբ վերաբերմունքի արտահայտությանը: Նա ընթերցեց նախագծի առանցքային հատվածները, որպեսզի փորձի փարատել պատգամավորների մտահոգությունները:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի, հիվանդության հետևանքների, այդ թվում նաև տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել օրենքի համար 1 և համար 3 հավելվածներում՝ այդ թվում չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգավելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու և օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պակասուրդի ֆինանսավորման ընդհանուր գումարը ոչ ավել, քան վերանայված անվանական արժեքի 6 տրլն 485 մլրդ դրամի 5 տոկոս ավելացնելու եղանակով»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցերեց՝ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն այն միջոցառումներին, որոնք կապված են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով իրականացվող միջոցառումներին:
Նա վստահեցրեց, որ խոսքը չի վերաբերում բյուջեով նախատեսված մնացած բոլոր միջոցառումներին: «Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր, ճիշտ հակառակը՝ տալիս ենք բավարար չափով ճկունություն՝ համարժեքորեն արձագանքելու ստեղծվող և սպասվող զարգացումներին՝ այն տրամաբանությամբ, որ առկա է ներկա անորոշության պարագայում»,-եզրափակեց նախարարը: