hetq.am: Կովկասի ամենամեծ գետը՝ Կուրը հայտնվել է բնապահպանական աղետի մեջ։ Ադրբեջանի տարածքում Կասպից ծովի ջրերը ծածկել են գետահովիտը և շարունակում են շարժվել այդ գետահունով։ Ծովի ջուրը շուրջ 60 կիլոմետր խառնվել է գետաջրերին և հասել մինչև Նևֆթչալայի շրջանի Աշաղը Սուրա գյուղ։ Սա նշանակում է, որ այն առնվազն 60 կիլոմետրով հետ է մղել գետի ջրերին։ Այս բնապահպանական աղետի պատճառով Նեֆթչալա քաղաքում և հարակից գյուղերում առաջացել է խմելու ջրի խնդիր։
Խմելու ջուրը ջրատարներով Նեֆթչալայի շրջան է հասցվում Սալյանի շրջանից։ Շրջանի տարածքում Կուր գետի ջրերը դարձել են այնքան աղի, որ պիտանի չեն խոշոր եղջերավոր կենդանիների ջրման և դաշտերի ոռոգման համար։ Գետը պղտորվել է, ընդ որում այնքան, որ նման բան չի հիշում շրջանի տարեց բնակչությունը։ Բացի այդ, գետի հունի խորացման աշխատանքներն են նաև պատճառ դարձել, որ ծովի ջուրը լցվի գետը։
Բնապահպանական աղետը վերացնելու համար՝ Նեֆթչալայի շրջանի գործադիր իշխանության կազմում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը զբաղվելու է բնակչության խմելու և տեխնիկական ջրի ապահովման վերականգնմամբ։ Ջրի պակասից ամենաշատը տուժել են խոշոր և մանր եղջերավոր անասունները։ Բնակիչները նշում են, որ շրջանի որոշ հատվածներում գրանցվել է անասունների անկում։
Կուր գետի սնումը խառն է․ 36 %-ը ձնային, 30 %-ը՝ ստորգետնյա, 20 %-ը՝ անձրևային և 14 %-ը՝ սառցադաշտային։ Գետն սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում՝ Կարսի նահանգում։ Վրաստանի տարածքով այն հոսում է դեպի Ադրբեջան, որտեղ թափվում է Կասպից ծովը։ Գետի ընդհանուր երկարությունը 1515 կիլոմետր է։ Սաբիրաբադ քաղաքի մոտ Կուրը խառնվում է Արաքսի հետ։ Վերջին տարիներին, գլոբալ տաքացման և ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման պատճառով, իրավիճակը դարձել է այնպիսին, որ Ադրբեջանի տարածքում Կուր գետի ջրերը կրճատվել են 25 %-ով, իսկ Արաքսի ջրերը՝ 60 %-ով։
