hetq.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները 2020թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին այցելել են Ադրբեջանում ազատազրկված ՀՀ և ԱՀ քաղաքացիներին: Այս մասին hայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Այս պահին Ադրբեջանում ազատազրկման մեջ են գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Կարեն Ղազարյանն ու Արայիկ Ղազարյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը:
Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցիչներն էլ համապատասխանաբար այցելել են Հայաստանում և Արցախում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին:
Զառա Ամատունին մեզ հետ զրույցում նշեց, որ բացի այցելություններից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր անհանգստությունը և աջակցությունն է հայտնել երկրների իշխանություններին կորոնավիրուսի տարածումը ազատազրկման վայրերում կանխարգելելու հարցում: Մասնավորապես Կարմիր խաչը տարատեսակ պաշտպանիչ միջոցներ, ինֆորմացիոն թռուցիկներ է տրամադրել ազատազրկման վայրերին:
«Բացի այն, որ մեզ հետաքրքրում է ազատազրկվածների առողջական վիճակը, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորությունը, պահման պայմանները դիտարկելը, դրա հետ մեկտեղ այս ընթացքում մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի լրացուցիչ միջոցառումների հարցում կարելի է օգնել, որպեսզի վարակը ազատազրկման վայրերում կանխվի կամ չտարածվի»,- նշեց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի, ՊԲ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում է գտնվում 2014 թվականից և այնտեղ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը Ադրբեջանում է 2018 թվականի հուլիսից, դատապարտվել է 20 տարվա ազատարզկման, իսկ Վայոց ձորի մարզի Եղեգեիս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանում է 2019 թվականի օգոստոսից: