hetq.am: Կառավարությունը մտադիր է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը:
Այս մասին խորհրդարանում` 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարը հիշեցրեց, որ թե այս ծրագիրն առհասարակ ինչու էր ընդունվել.
«2014 թվականի զարգացումների արդյունքում 2015-ին ուժի մեջ մտած փոփոխություններ են, ըստ էության երկրորդ ալիքն էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, որից հետո բախվեցինք իրավիճակի, երբ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջներ կիրառվեցին, և այն իր ազդեցությունն ունեցավ նաև մեր տնտեսության վրա»,-ասաց նախարարը:
Անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում իրեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Սակայն գնված բնակարանի արժեքը չի կարող ավելին լինել 55 միլիոն դրամից, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից վարկառուները կամ համավարկառուները քանիսն են:
Նրա խոսքով` ծրագրի ներդրմամբ նպատակ էր դրվել տնտեսական անկման ռիսկը մեղմել, քանի որ 2008-ին շինարարության ոլորտը 34-35 տոկոսով էր կատարվել:
Նախարարի խոսքով` ծրագիրն ընդունվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ պարզ է դարձել` այն վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների տարբերակ` հարկ չվճարելու:
«Դժվար է ասել, որ բնակարանային կարիքի համար է, քանի որ պենտհաուս ձեռք բերելու համար պետական բյուջեից մեծ մասնակցություն չպիտի ենթադրվի: Դա ժամանակավոր միջացառում էր ենթադրվում, քանի որ կառուցապատումը գնահատվում էր որպես շահութաբեր ոլորտ և բյուջեի մասնակությունը կառուցապատման ոլորտին շատ ծանրակշիռ հիմնավորում պետք է ունենա: Դրանով պայմանավորված` ավելացվեց սոցիալական բաղադրիչ և ավելացան սահմանափակումներ` թե ընդհանուր սահմանաչափի, թե եկամտահարկի եռամյսակային գումարի վերաբերյալ»,-ասաց նախարարը` հավելելով, որ Կառավարության մտադրությունն է աստիճանաբար հրաժարվել այդ ծրագրից:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` շինարարությունը շահութաբեր ոլորտ է, և բացի այդ, այն ոչ արտահանելի է, ոչ էլ արտադրական, որոնք էլ Կառավարության հայտարարած առաջնահերթությունների շարքում են:
«Մենք ասել ենք` գնում ենք այն ճանպարհով, որ տնտեսական աճի արտահանմանը միտված մոդել ենք ընտրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում, մենք բարձր տնտեսություն ունենալու առաջնահերթություն ենք դրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում: Աստիճանաբար այս համակարգից հրաժարվելը մեր քաղաքականության ուղղությունն է: Շրջանառվում է նախագիծ, որը կախված համատարած հայտարարագրման մեխանիզմից, կորոշենք առաջարկել խորհրդարանին թե ոչ, դրա որի շրջանակներում Երևանի առաջին և երկրորդ գոտիների ծրագրի իրականացումը կդադարեցվի»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ գոտիներն ընդգրկում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ էլ բնակարանների կադաստրային ամենաբարձր արժեքն է:
Շարունակությունը՝ hetq.am-ում