pastinfo.am: «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում վթար է եղել, որի հետևանքով պայթել է սպիրտի ցիստեռը և հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասաց Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը։
«Վթար է եղել, որը չպիտի լիներ. կա՛մ անվտանգության կանոնների խախտում է եղել, կա՛մ ինչ-որ մի բան տեղում չի աշխատել, չգիտեմ։ Չեմ կարող ասել՝ ում մեղքով է եղել, ոնց է եղել»,-ասաց համայնքապետը։
Հարցին՝ արդյոք մահացածների ինքնությունը պարզվել է, Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ դեռ տեղեկություն չունի։
Քիչ առաջ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%: