ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։
«Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Կրելով մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչն անդրադառնալով ՀՀ տարածքի իրավիճակին ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, եւ հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել՝ նաեւ խաղաղ բնակիչներին։
«Օդուժ է կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Եւ ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ այս ճակատն (խմբ․-Վարդենիսի) օգտագործվել է առաջին իսկ օրվանից։
«Առաջին օրը եւս, երբ Ադրբեջանը հասցրեց հրթիռահրետանային հարված, թիրախավորվել էր Վարդենիսի ուղղությունը։ Այս ճակատն օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ Ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են, նորություն չեն, բայց մեր ԶՈՒ-երը լիովին կազմ ու պատրաստ ու մարտունակ են»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։