Միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար․ ԱՀ ԱԳՆ

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ

Ի հեճուկս 2020 թ․ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։

Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարելուց հետո Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։

Թուրք-ադրբեջանական ուժերի փաստացի հրաժարումը՝ դադարեցնելու կրակը, միանշանակ վկայում է, որ Թուրքիան, չհասնելով իր առջև դրված նպատակներին և այդ պատճառով շահագրգռված չլինելով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման մեջ, հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության իրականացումը։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների ձեռքերով Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական խնդիրները լուծելու փորձերից։

Այս պայմաններում, երբ մի կողմը՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների, համառորեն ընդդիմանում է խաղաղության հաստատմանը, միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.