pastinfo.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատերազմի առաջին օրերից պատրաստակամություն է հայտնում ռազմագերիների, պատանդների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթաց սկսելու համար։ Այս պահին գործընթացը դեռ տեղի չի ունենում։
Հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են Կարմիր Խաչի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը ե՞րբ կսկսվի, կախված է համաձայնություններից։ Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Դեռ վաղ է, դժվար է ասել քանի օր է տևելու, որովհետև սպասում ենք, պետք է կողմերից լինի դիմում՝ կոնկրետ գործողության համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել, կողմերը տեղյակ են, որ այստեղ ենք ու պատրաստ ենք , բայց դա իրենց հետ պետք է համաձայնացվի։ Նրանք պետք է մեզ դիմեն, որպեսզի մենք օգնենք դա անել»,- ասաց Ամատունին։
Հոկտեմբերի 29-ին հայկական կողմին փոխանցվեց ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները։ Հիմա, երբ պատերազմն ավարտված է, դրա մասին հայտարարություն է եղել՝ կողմերի համաձայնությամբ նաև պետք է լինի ռազմագերիների փոխանակում։ Ապա ինչո՞ւ դա տեղի չի ունենում՝ Ամատունին ասաց. «Զարգացումները ցույց կտան իրականությունն ինչպիսին է, մեր կազմակերպության անունից իրավասու չեմ մեկնաբանելու»։
Թե քանի՞ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, Ամատունին հստակ տեղեկություն չտրամադրեց։
Հաստատումներ և ցուցակներ ստանալուն պես կոմիտեն կարող է հստակ ասել՝ Ադրբեջանում պահվողների թվի և վայրի մասին։ Սա նաև կողմերի պարտավորությունն է՝ ԿՄԽԿ ներկայացուցչությանը տվյալներ տրամադրել իրենց մոտ պահվող անձանց մասին, իսկ կոմիտեն իր հերթին մարդասիրական իրավունքի ներքո ունի մանդատ ՝ այցելելու այդ մարդկանց։