1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Կրեմլի ղեկավարի հավաստմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը:
«Այժմ տարածաշրջան ուղարկված ռուսական խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին ու մարդասիրական բեռները: Ընդհանուր իրավիճակը կայունացել է»,- այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է օտարերկրյա դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:
ՌԴ նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի ջանքերի մասին:
«Եռանդուն ջանքեր ենք գործադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, որոնք հանգեցրել են մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհերի: Ընդ որում՝ հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին: Մասնավորապես, իր համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: Գլխավոր ձեռքբերումը արյունահեղության դադարեցումն է, որն ամրագրված է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության մեջ»,- հայտնել է Կրեմլի ղեկավարը: