Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդը (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կծառայեցնի բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Նախագահը ընդգծել է, որ փոխգործակցության մեծ ներուժ կա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական և մի շարք այլ ոլորտներում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացման լայն հնարավորություններ է տեսնում, և պատրաստակամ է իր ավանդն ունենալ այդ գործում: Նա ասել է, որ Էստոնիան մեծ հաջողությունների է հասել մասնավորապես Էլեկտրոնային կառավարման ոլորտում, ինչպես նաև նաև սփյուռքի հետ աշխատանքներում, որոնք կարող են հետաքրքիր լինել Հայաստանի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատերազմի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարների շուրջ: