armtimes.com: Արցախում տեղի ունեցած պատերազմը երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտություն է առաջացրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող եւ հիդրոէլեկտրակայաններով հարուստ տնտեսությունն այժմ չունի նախկին հնարավորությունները։ Հետեւաբար անհրաժեշտ է դառնում օր առաջ մտածել, թե ո՞ր ուղղությունը զարգացնել մնացած տարածքներում կամ ի՞նչը ներդրողներին ավելի հետաքրքիր կլինի։
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Արցախը դեռեւս հատուկ ծրագիր չի կազմել, թե որ ուղղությամբ է շարժվելու, բայց հիմնականում կենտրոնանալու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա։
«Մենք մեզ մոտ ունենք այդ պոտենցիալը, աշխատում էինք։ Երեկ այստեղ էին եկել «Ջիջի» եւ «Էսէֆէլ» ընկերությունների հիմնադիրները՝ նրանք էլ են ուզում ներդրում ունենալ։ Պայմանավորվել ենք, որպեսզի գան Հայաստան, քննարկեն եւ նորից վերադառնան»,- նշեց նա։
Հարցին՝ ի՞նչ ներդրում են ցանկանում անել այդ 2 ընկերությունները, որոնց հետ հանդիպել են, Թովմասյանը պատասխանեց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ծրագրավորման ուղղությունն են ցանկանում զարգացնել։ Ցանկանում են իրենց բիզնեսն ընդլայնել՝ կոնկրետ մասնագետներով հանդերձ։ Իրենք պատվերներ ունեն, այստեղ մասնագետների են փնտրում, որ կարողանան աշխատել»։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արտոնություններ կունենան պոտենցիալ ներդրողները՝ Արցախում ներդրում կատարելու դեպքում, նա պատասխանեց. «Մենք տարբերակներ ենք քննարկում հարկային օրենսդրության վերաբերյալ, որպեսզի մի քիչ պարզեցված ընթացակարգ մտցնենք եւ ներդրողի համար ավելի նպատակահարմար լինի գալ Արցախում իր բիզնեսը հիմնել կամ շարունակել, քան մեկ այլ երկրում։ Այդ ծրագրի շուրջ մոտ օրերս քննարկումներ պիտի լինեն»։
Պաշտոնյան նշում է, որ նախկինում Արցախը ներդրումային առումով հետաքրքիր էր գյուղատնտեսությամբ եւ հիդրոէլեկտրաէներգիայով, սակայն հիմա այդ պոտենցիալը չունեն։
Հարցին՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու տարբերակներ կա՞ն՝ բացի ՏՏ ոլորտից, Թովմասյանը պատասխանեց. «Ճիշտն ասած հիմա քննարկման փուլում է, պետք է քննարկել, վերագնահատել, հետո արդեն երեւի գալիք տարում՝ ինչ-որ մի բան նախանշել։ Հիմա ամբողջ էկոնոմիկայի ոլորտի վերագնահատում է իրականացվում»։
Դիտարկմանը՝ Հայաստանում ՏՏ-ից բացի մշակող արդյունաբերության հիման վրա են նաեւ ցանկանում տնտեսությունն առաջ տանել, նա արձագանքեց, որ Արցախում եւս այդ ոլորտի վրա աշխատում են. «Գալիք տարի արդեն մենք կկողմնորոշվենք, թե որ ճյուղերը պետք է զարգացնել։ Հիմա ամբողջ պետությունն է վերագնահատման վրա, պիտի հասկանանք, թե ինչ ենք կորցրել, ինչ վնասներ ենք ունեցել այս պատերազմի ընթացքում։ Արդեն երկրորդ փուլում պիտի կոնկրետ ծրագրերի վրա աշխատենք»։
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։