armenpress.am: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին համոզված է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը: Այս մասին նա խոսել է տեսաուղերձում:
Ժան Ասելբորնը նշել է, որ որոշակի հանգամանքների բերումով այս տարի չի կարող ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, սակայն վստահեցրել է՝ այսօր հայ ժողովուրդն իր սրտում է: Նա վերհիշել է երեք տարի առաջ Հայաստան կատարած այցելությունը:
«Երբ 2018 թվականի մարտին ես այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ես զգացի այն մեծ էմոցիոնալ ցավը, որն ուներ հուշարձանը: Հիշում եմ, թե ինչպես հուզվեցի Հայոց ցեղասպանության թանգարանում ցուցադրված լուսանկարներից: Այդ փորձառությունը երկարատև ազդեցություն գործեց ինձ վրա:
Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր զոհվեցին: Նրանք մեզ հիշեցնում են այն կոտորածների մասին, որոնք մարդկությունն ունակ է իրականացնել իր ամենախավար ժամանակներում: Նրանք մեզ հիշեցնում են, որ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը»,- նշել է Ասելբորնը:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ցավով է փաստել, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները շարունակվում են: