Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինի պետությունների համար. Արցախի ՄԻՊ

Այսօր ոգեկոչում ենք 1915թ. օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:

Հայոց մեծ եղեռնը հանցագործություն էր մարդկության և քաղաքակրթության դեմ, ուստի դրա ճանաչումն ու դատապարտումը չեն կարող դուրս մնալ քաղաքակիրթ մարդկության իրավական օրակարգերից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Ցեղասպանության ճանաչումը ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների և համայն հայության պատմական հիշողության, ազգային և անձնային ինքնության անբաժանելի մասն է և նրանց իրավունքների իրացման ու պաշտպանության երաշխիքը:

Անցած 106 տարիների ընթացքում Թուրքիան խուսափել է սեփական պատմության հետ առերեսվելուց, խոստովանելու և զղջալու կատարած հանցագործության համար, պատասխանատվություն ստանձնելու 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանության և նրանց սեփականությանն ու գույքին ապօրինի տիրանալու համար:

Ավելին՝ իր ժխտողական քաղաքականությամբ մշտապես գործել է հայ ժողովրդի իրավունքների և կենսական շահերի դեմ: Սրա ամենավերջին ապացույցը 2020թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի անմիջական քաղաքական և ռազմական աջակցությունն էր Ադրբեջանին և նրա օժանդակությամբ վարձկանների հավաքագրումն ու ներգրավումը ռազմական գործողություններին:

Մարդու, նրա իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործության ճանաչումն ու դատապարտումը չպետք է թաղվեն քաղաքական, տնտեսական կամ այլ նպատակահարմարությունների ներքո, քանզի պատմությունն ապացուցում է, որ դրանց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա համար Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինեն պետությունների և միջազգային կազմակերպությունների համար. հետևողական դատապարտման ճանապարհով է հնարավոր միայն բացառել նման հանցագործությունների կրկնությունը աշխարհում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.