news.am: Հանրապետության նախագահը չունի Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն իրականացնելու լիազորություն: Այս մասին հայտնեցին նախագահի աշխատակազմից՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք ունի՞, թե՞ ոչ։ NEWS.am-ը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, հետաքրքրվել էր նաև, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի պարտականությունները կատարելը արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը։
Ի պատասխան՝ նախագահականից հիշեցրել են` «Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշմամբ արձանագրել է, որ կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված) Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություններից է:
Հիշեցնենք, որ ապրիլի 25–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և հայտնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով: