armenpress.am: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, նրանց տրամադրվող աջակցության, միջավայրի բարելավման ուղղությամբ առաջիկայում զգալի բարեփոխումներ են սպասվում: Խորհրդարանի կողմից օրերս ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից փաթեթը նախատեսում է մի շարք փոփոխություններ տարբեր ուղղություններով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, մանրամասնելով նախագիծը, նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք այդուհետ ոչ թե առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ կստանան, այլ կսահմանվի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խոր:
«Նոր փոփոխություններով մենք պետք է գնահատենք անձի ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով նրա առողջական, մտավոր հնարավորությունները, միջավայրային արգելքների փոխազդեցությունները: Նպատակն այն է, որ կարողանանք անձին ապահովել տվյալ միջավայրում հնարավորինս լայն ներառում՝ ըստ իր սահմանափակումների»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:
Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար փոփոխություններ են նախատեսվում անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական խմբերի ձևավորման գործում: Այլևս գոյություն չեն ունենալու մշտական խմբեր: Կլինի մասնագետների տվյալների ռեեստր, որտեղից էլ ձևավորվելու է մասնագիտական խումբն անձի ֆունկցիոնալության գնահատման օրվանից մեկ օր շուտ: Դա ենթադրում է, որ ոչ թե մշտական գործող խմբեր են լինելու, այլ ամեն դեպքի հետ կապված տարբեր խմբեր են ձևավորվելու: Դրանից բացի, մինչ այդ գործող բոլոր աջակցման կարգերը պահպանվում են՝ լինի դեղորայքի տրամադրում, բժշկական ծառայությունների արտոնություն, ֆինանսական աջակցություն և այլն:
Օրենսդրական փաթեթում առանցքային տեղ է զբաղեցնում մատչելի միջավայրին վերաբերող հարցը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում հանրային նշանակության շենք շինություններ, տրանսպորտային համակարգեր պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց: Այստեղ անհրաժեշտ է լինելու այլ գերատեսչությունների ներգրավվածությունը նույնպես: Օրենքի պահանջը չկատարելու դեպքում սահմանվելու են տուգանքներ, մեկ տարի անց խախտումը չշտկելու դեպքում ավելի մեծ չափով տուգանքներ են լինելու: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ իրենց նպատակը տուգանելը չէ, մինչ այդ իրազեկման լայն արշավներ են իրականացվելու:
Օրենքը նախատեսում է նաև անձնական օգնականի ինստիտուտ: Կարիքների գնահատումից հետո անձնական օգնականին տրամադրելու է պետությունը որպես ծառայություն:
Նախարարի տեղակալը նշեց, որ օրենքի ընդունումը հիմնաքարն է, որին հաջորդելու են ինչպես ենթաօրենսդրական ակտեր, իրազեկման աշխատանքներ, ծառայությունների ընդլայնում, վերահսկողություն և այլն: