2020 թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար նշանակվեց Բագրատ Բադալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ավինյանի խորհրդականի պաշտոնը։
Բագրատ Բադալյանը 2010 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախկին տրանսպորտի և կապի նախարարությունում, վերահսկիչ պալատում։ 2018 թ․ հունիսի 6-ին նշանակվել է նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, այնուհետև՝ 2019 թ. հունիսի 4-ին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է մինչև փոխվարչապետի աշխատակազմ տեղափոխվելը (2020-ի փետրվար)։
Բագրատ Բադալյանի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88․13% և «Դոռզնակ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատեր է։ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է տրանսպորտային կառույցների նախագծման, նախագծերի փորձաքննության աշխատանքներով, «Դոռզնակ» ՍՊԸ-ն տեխնիկական խորհրդատվություններ է իրականացնում։
2003-2020 թթ․ «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Բագրատ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը։ Բագրատ Բադայանը 2007-2010, ինչպես նաև 2015-2018 թվականներին զբաղեցրել է ընկերության փոխտնօրենի պաշտոնը։
2020-ի ապրլի 6-ից «Ճաննախագիծ ինստիտուտ»-ի տնօրենն է Դավիթ Քարտաշյանը, որն ընկերությունում մասնաբաժին չունի։
Դավիթ Քարտաշյանը մինչև 2013 թ․ աշխատել է «Ճաննախագիծ ինստիտուտ»-ում որպես ինժեներ։ Քարտաշյանը տաբեր տարիների զբաղեցրել է պետական պաշտոններ․ 2013-2018 թթ․ աշխատել է ֆինանսների նախարարությունում, 2018-2020 թթ․՝ նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ապա՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ ՏԿԵՆ-ում Քարտաշյանը զբաղեցրել է ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը։
«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից 2016-2021 թթ․ ընթացքում 32 անգամ պետական գնում է իրականացվել, ընդ որում՝ 6 անգամ պետական գնումներն իրականցվել են մեկ անձից գնման ընթացակարգով, 1 անգամ՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանը 2010-2015, ինչպես նաև 2018-ից մինչև օրս աշխատում է պետական համակարգում, ընդ որում՝ մինչև 2020-ը եղել է ՏԿԵ նախարարի տեղակալ։ Իսկ Դավիթ Քարտաշյանը պետական համակարգում է աշխատել 2013-2020 թթ․։
Եթե Դավիթ Քարտաշյանը «Ճաննախագիծ ինստիտուտ»-ում աշխատել է միայն որպես ինժեներ և ընկերության տնօրեն է դարձել ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը թողնելուց հետո, ապա Բագրատ Բադալյանը 2020-ից ընկերության բաժնետոմսերի ավելի քան 80%-ի սեփականատեր է, իսկ մինչ այդ բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր էր նրա հայրը՝ Սամվել Բադալյանը։
2016-ից մինչ 2018-ի մայիսը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից իրականացվել է 17 պետական գնում, իսկ 2019-2021 թթ․՝ 15։ Մինչև 2018 թ․ իրականացված պետական գնումներից 4-ն իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով, 2019-2021 թթ․ պետական գնումներից 2-ն են իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ 1-ը՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
«Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունից մինչև 2018-ն իրականացված 17 պետական գնումներից 16-ն իրականացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որտեղ մինչև 2019-ն աշխատել է Բագրատ Բադալյանը)։
2019-2021 թթ․ ընկերությունից 12 անգամ պետական գնում է իրականացրել ՏԿԵՆ-ը, 1 անգամ՝ «Տարածքային զարգացման հիմնադրամը», որը ՏԿԵՆ ենթակայությամբ գործող ՊՈԱԿ Է։ Հիշեցնենք, որ Բադալյանը 2019-2020 թթ․ աշխատել է հենց ՏԿԵՆ-ում։
«Ճաննախագիծ ինստիտուտ»-ից հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով գնում իրականացրել է Վայքի համայնքապետարանը։ 999 999 դրամ արժողությամբ այս պայմանագրով համայնքապետարանն ընկերությանը պատվիրել է Վայք քաղաքում երկու փողոցի մասնակի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնել։
Պետական եկամուտների կոմիտեն այս պայմանագիրը համարել է ռիսկային․ «Գնումների օրենքով սահմանված բազային միավորի՝ 1 մլն դրամի շեմը չգերազանցող գնումների ուսումնասիրության ընթացքում նկատվել են որոշակի ռիսկային պայմանագրեր, որոնցից է, օրինակ, Վայքի համայնքապետարանի և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը (հունիսի 9, 2020թ.), որի արժեքը կազմել է 999,999 դրամ: Նույնկերպ, մի շարք պայմանագրերի դեպքում կան ռիսկեր, որ արժեքը հարմարեցված է 1մլն դրամի շեմը չգերազանցելու և մրցակցային ընթացակարգի կիրառումից խուսափելու համար»:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ եթե կատարվել է բազային միավորը (1 մլն դրամ) գերազանցող պետական գնում, պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն, որն, ի թիվս այլնի, ներառում է տեղեկություններ հետևյալի մասին․
- գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը,
- հրավերը և դրանում կատարված փոփոխությունները,
- գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները,
- հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները,
- հայտերով ներկայացված գները,
- հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները,
- հայտի մերժման դեպքում դրա հիմնավորումը,
- գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները։
Օրենքի 23-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ մեկ անձից գնում կարելի է կատարել միայն այն դեպքում, եթե գինը չի գերազանցում 1 մլն դրամը։
Հունիսի 13-ին «Հայաստան» դաշինքի՝ պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը հայտնել էր, որ «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձնից գնման ընթացակարգով գնումներ են իրականցվել։ Ըստ Հակոբյանի՝ «Կոքս քնսալթ»-ը համագործակցում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ։
Հակոբյանը ճիշտ է, «Կոքս քնսալթ ԳՄԲՀ հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումից («Կոքս քնսալթ» գերմանական ընկերության հայաստանյան մասնաճյուղը) ՏԿԵՆ-ը 2020-2021 թթ․ մեկ անձից գնման ընթացակարգով պետական մի քանի գնում է իրականացրել՝ պատվիրելով տարբեր ճանապարհահատվածների վերանոգորման տեխնիկական հսկողության ծառայություններ։
Ինչ վերաբերում է «Ճաննախագիծ ինստիտուտ»-ի հետ կապին, ապա տարբեր պայմանագրերից տեղեկանում ենք որ «Կոքս քնսալթ» ԳՄԲՀ-ն համագործակցել է Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» և «Դոռզնակ» ՍՊԸ-ների հետ։
Աննա Սահակյան