armenpress.am։ Հայաստանում սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը կվերացվի, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ կունենան առանց կնիքի:
Կառավարության կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:
«Այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ Անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքի գործընթացների ավարտական փաստաթղթերը թվային տարբերակով հասանելի լինելու դեպքում համարվեն պաշտոնական փաստաթուղթ:
Դրա հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը վերացվում է, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ են ունենալու առանց կնիքի»,- ներկայացրել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Փոփոխություններով կամաց-կամաց շրջանառությունից դուրս կգան նաև հին սերնդի սեփականության վկայականները:
Հնարավորություն է տրվում, որ բարձր սերնդի սեփականության վկայականների մեջ փոփոխություն կատարելու դեպքում տրվի նոր նմուշի վկայական: Հին սերնդի վկայականները կամաց-կամաց շրջանառությունից հանելու գործընթաց են սկսում:
Առաջարկվող փոփոխություններով նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե եզրույթը կփոխարինվի Կադաստրի կոմիտե եզրույթով:
Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր: