Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին փոխանցված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
<<Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին։ Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա>>,-ասված է հաղորդագրության մեջ։

