news.am։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավարտել է ռուսական Սու-30 ՍՄ կործանիչների գնման բոլոր միջոցառումները, մոտ ապագայում օդանավերը կհամալրեն հայկական կողմի սպառազինությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսադր Պետրովը:
«Ես անչափ ուրախ եմ մեր ընկերների համար: Վերջերս նշվեց Հայաստանի ՌՕՈՒ օրը, իմ կողմից եւ ամբողջ ավիաբազայի կողմից շնորհավորում ենք մեր գործընկեր ավիագործներին: Մենք մեկ երկինք ենք կիսում: Մենք ոչ մի խնդիր չունենք: Մենք աշխատում ենք հստակ, ներդաշնակ, փոխգործակցությամբ: Իսկ այն, որ մեր գործընկերները նոր ավիացիոն տեխնիկա կունենան, ապա առաջին՝ անչափ ուրախ եմ նրանց համար, երկրորդ՝ մենք անգամ մի փոքր նախանձում ենք, մենք էլ ենք այդպիսի օդանավեր ուզում:
Սու-30 օդանավը, որը կբազավորվի «Շիրակ» օդանավակայանում, աշխարհում լավագույններից մեկն է: Սա գովազդ չէ, իրականում այդպես է: Օդանավի մանեւրելու հնարավորությունները ցուցադրում են ինչպես շարային օդաչուները, այնպես էլ «Ռուսական վիտյազներ» պիլոտաժային խումբը, որը եղել է Հայաստանում եւ Երեւանի երկնքում պիլոտաժ կատարել:
Շատ լավ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության թռիչքային կազմը արդեն վերաուսուցման միջոցառումներ է կատարում, արդեն ավարտվել են կործանիչների գնման բոլոր միջոցառումները, դրանք շուտով այստեղ կթռչեն: Մենք կգնանք նրանց մոտ՝ փորձին ընդօրինակելու: Ես ուրախ եմ մեր գործընկերների համար»,- նշեց բազայի պետը: