Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Երեկ Times.am լրատվական կայքը հրապարակել է «Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ Երևանի երկնքով բավական քիչ բարձրության վրա ինքնաթիռ է անցել, որը Ստամբուլից ուղևորվում էր Բաքու։ Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստացել են օդային միջանցք։ Սակայն նյութում առկա պնդումները մանիպուլյատիվ են։

Ուսումնասիրելով Ստամբուլից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվող քաղաքացիական չվերթները՝ Flightradar համակարգից տեղեկացանք, որ նման չվերթներ իրոք տեղի ունեցել են և ոչ մեկ կամ երկու անգամ։

Այսպես, համաձայն Flightradar համակագի վերջին մեկ տարվա տվյալների՝ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով ավիաչվերթներ սկսել է իրականացնել միայն վերջին ամիսներին։ 

Ստամբուլից Բաքու TK332 չվերթային կոդով թռիչքներ իրականացնող Turkish Airline թուրքական ավիաընկերության թռիչքուղին սովորաբար եղել է Վրաստանի օդային տարածքով՝ շրջանցելով Հայաստանի օդային տարածքը, սակայն 2021 թվականի մայիսի 5-ին Վրաստանի օդային տարածքով Բաքու գնալու փոխարեն, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը Բաքու մեկնել է Հայաստանի օդային տարածքով։ Նման երթուղով չվերթներ եղել են նաև մայիսի 23-ին, հունիսի 8-ին, 10-ին, 28-ին, հուլիսի 4-ին, 6-ին, 9-ին, 20-ին և 29-ին։

Նույն ուղղությամբ թռիչքներ իրականացվել են նաև TK 334 և TK 338 չվերթային կոդերով։ Այս դեպքում նույնպես պարբերաբար դեպի Բաքու թռիչք իրականացնելիս օգտագործվել է Հայաստանի օդային սահմանը։ Մայիսի 1-ին, 20-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին, 3-ին երկու անգամ, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին երկու անգամ, 11-ին, 12-ին 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 21-ին, 22-ին երկու անգամ, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, հուլիսի 1-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին, 14-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին երկու անգամ, 25-ին, 27-ին, 28-ին և 29-ին երկու անգամ։

Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Ստամբուլից Բաքու իրականացվող թռիչքների ժամանակ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով դեպի Բաքու իրականացրել է 58 չվերթ։

Բաքվից Ստամբուլ չվերթներ Հայաստանի օդային տարածքով նույնպես եղել են։ Հայաստանի օդային տարածքով դեպի Ստամբուլ չվերթները եղել են 35-ը։ Առաջին չվերթն իրականացվել է ապրիլի 11-ին, վերջինը՝ հուլիսի 29-ին։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածում հնչած այն պնդմանը, որ ինքնաթիռը Երևանի երկնքով անցել է բավական քիչ բարձրությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Հուլիսի 29-ին, Հայաստանի օդային տարածքով անցել են  թուրքական ավիաընկերության 4 ինքնաթիռներ, որոնցից երկուսի թռիչքուղին եղել է Բաքվից Ստամբուլ, մյուս երկուսինը՝ Ստամբուլից Բաքու։ Այս ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով անցնելիս եղել են 10-11 կմ բարձրության վրա։

Մյուս պնդման՝ Ադրբեջանի ու Թուրքիայի օդային միջանցք ունենալու վերաբերյալ կապ հաստատեցինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ օդային տարածքի սահմանափակում չունի և չի ունեցել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված ժամանակավոր սահմանափակման․

«Քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա,- հեղինակ ) ասում է՝ եթե դու ինչ-որ սահմանափակումներ ես հրապարակում, խտրականություն չես կարող անել, այսինքն՝ չես կարող մի ավիաընկերության համար օդային սահմանը փակել, մյուսի համար բացել։ Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով փակում ես, դա պետք է լինի հավասարազոր բոլորի համար։ Մենք չենք կարող թուրքական ավիաընկերության համար փակել, մեկ այլ ընկերության համար բացել։ Մենք առաջնորդվում ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով և մոտեցումը դա է»,- զրույցի ընթացքում ասաց Սարուխանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի օդային տարածքով անցնելուն, ապա Սարուխանյանը նշեց, որ թույլատրության խնդիր չկա, պարզապես պետք է օդային տարածքով անցնել ցանկացող ավիաընկերությունը ներկայացնի թռիչքային ծրագիրը, որտեղ նշված կլինի, թե որ ժամին են մուտք գործելու Հայաստանի օդային տարածք, որ ուղղությամբ են շարժվելու և որ ժամին են դուրս գալու։ Հետևաբար առանց հայկական կողմի իմացության թուրքական ավիաընկերությունը չէր կարող հատել Հայաստանի օդային սահմանները։

Մեր զրուցակիցն իր խոսքում նշում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերը, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանի օդային սահմանները փակ չեն եղել Թուրքիայի և Ադրբեջանի օդանավերի համար, այլ հարց է, որ նախկինում թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով չվերթներ չէր իրականացնում։

Նարեկ Մարտիրոսյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.