Գործատուները «անհամբեր սպասում» էին․ ԱԺ-ն ընդունեց համահարթ հարկային օրենսգրքը |epress.am|

epress.am: Ձայների 73 կողմ և 32 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը։

Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է անցում կատարել եկամտահարկի համահարթեցմանը, նվազեցնել շահութահարկը, բարձրացնել սպառողական(այս պարագայում՝ ակցիզային) հարկերը, բարձրացնել խաղային ոլորտի հարկերը։

Քվերակությունից անմիջապես առաջ եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նախ, նա անդրադարձավ «համահարթ» հարկային օրենսգրքի քննդատություններին․ «Սկսած առաջին ընթերցումից մինչև հիմա այս ամենն ինձ հիշեցնում է «Կարգին հաղորդումից» մի սկետչ, երբ ուսանողին դասախոսը ուզում է անպայման կտրի ու հարցնում է Հիրոշիմա-Նագասակիում գցած ատոմային ռումբից, ուսանողը պատասխանում է։ Հետո հարցնում է՝ ասա բոլոր մահացածների անունները, եթե չես պատասպանում ուրեմն չես ստանում, ոչինչ չգիտես։․․․Եթե վատն է, ինչո՞ւ են գործատուները անհամբեր սպասում սրա ընդունվելուն»։ Ապա՝ կոչ արեց իր գործընկերներին կողմ քվեարկել նախագծին։ Նա ընդգծեց, որ «քանի որ «Իմ Քայլը» կողմ է քվեարկելու, օրենքը կընդունվի»։ Քվեարկությունից հետո Թունյանը շնորհավորեց հարկատուներին «ավելի լավ» հարկային օրենսգիրք ունենալու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ հարկային նոր օրենսգրքի քննադատությունները մեծամասամբ վերաբերում էին եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի ներդրմանը․ ներկայումս Հայաստանում գործում է եկամտային հարկի դրույքաչափի եռաստիճան համակարգ (23% մինչև 150 հազար դրամ, 28% 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ և 36% 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձերի համար), որն այժմ կփոխարինվի համահարթեցված եկամտահարկի համակարգով (23% միասնական դրույքաչափ, որը մինչև 2023թ․ կնվազեցվի մինչև 20%-ի)։ Միջին և հատկապես բարձր աշխատավարձ ստացողների ուղղակի հարկերի զեղչման արդյունքում առաջացած բյուջետային կորուստները կվերականգնվեն անուղղակի հարկերի (մասնավորապես՝ ակցիզային հարկի) բարձրացման միջոցով՝ այսինքն, մի շարք ապրանքների գների բարձրացման շնորհիվ։ Հարկային նոր օրենսգրքի և համահարթ հարկման մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.