ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչների՝ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված հոկտեմբերի 8-ի ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր։
Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
Կառույցը հիշեցում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, խանութները պետք է ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: