Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցությանը և միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջեկեղեցական հարաբերությունների հարուստ օրակարգը և կարևորել դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։

Անդրադառնալով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ Հայաստանի նախագահն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ «Հուսով ենք, որ այն կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, աստվածաբանության և այլ ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանյայց առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև»,– ասել է նախագահ Սարգսյանը։

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի քարտուղար Փոլ Թայգեն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.