Նոյեմբերի 30-ին սոցիալական հարթակներում տարածվեց օգտատեր Ռոման Բաղդասարյանի ուղիղ եթերից հատված, որտեղ վերջինս մեղադրում է Արցախի պաշտպանության բանակին, սպաներին ու գեներալներին պատերազմի ընթացքում կատարած սպանությունների, սպանություններ կատարելու հրամաններ տալու և Մատաղիսում 200 մարդ սպանելու մեջ։
Հաջորդ օրը Արցախի դատախազությունը Ռոման Բաղդասարյանի տեսանյութին կից հաղորդագրություն, տարածեց, համաձայն որի, Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները քննության կառնվեն։
Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաև Արցախի ԱԱԾ-ն․ հաղորդագրությամբ Ռոման Բաղդասարյանին առաջարկում էին ներկայանալ Արցախի ԱԱԾ՝ պարզաբանումներ ներկայացնելու։
Սրանից 2 օր անց՝ դեկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան մի կեղծ օգտատեր տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է մի սպա ծեծում և խոշտանգում երկու զինվորների։ Կեղծ օգտատերը տեսանյութին կից գրել է, որ «սա մեծ ապացույց է Ռոման Բաղդասարյանի համար»: Կարդալով տեսանյութին կից տեքստը և մեկնաբանությունները՝ տպավորություն է ստեղծվում, թե դեպքը եղել է ոչ վաղ անցյալում և ապացուցում է Ռոման Բաղդասարյանի խոսքերը։ Նշված տեսանյութը կեղծ օգտատիրոջ էջում հավանել է 1300-ից ավելի, տարածել՝ 5600-ից ավելի օգտատեր։ Տեսանյութն, ընդհանուր առմամբ, դիտել են 137 հազարից ավելի անգամ։
Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ դարձավ, որ այն նոր չէ։ Նշված տեսանյութը հնարավոր եղավ գտնել Յութուբում, որտեղ այն վերբեռնվել է 2010 թվականի սեպտեմբերի 12-ին։
Յութուբում շրջանառվող տեսանյութը լայն հնչեղություն էր ստացել, որից հետո Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ձեռնարկվել էին համապատասխան միջոցներ տեսանյութում երևացող անձանց ինքնությունները պարզելու և բռնություն կիրառողներին պատժելու ուղղությամբ։
Օրեր անց պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ նոր մանրամասներ հրապարակեց, որտեղ նշվում էր բռնության ենթարկող սպայի անունը, և որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել։
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մայոր Սասուն Գալստյանին 2010 թվականի սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գործը մեղադրական եզրակացությամբ նույն թվականի նոյեմբերի 2-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը նույն թվականի դեկտեմբերի 9-ին Սասուն Գալստյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարվա ազատազրկման։
Այսպիսով՝ տարածվող տեսանյութը նոր կամ վերջին ժամանակների չէ, որևէ առնչություն չունի և չի կարող ապացույց լինել Ռոման Բաղդասարյանի խոսքերին, քանի որ այն 10 տարվա վաղեմության է, իսկ տեսանյութում բռնություն գործադրող սպան դատապարտվել է կատարած արարքի համար։
Նարեկ Մարտիրոսյան